Բառարան
Լևանտ | Միջերկրածովքի տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների ընդհանուր անվանումը
Դաշինք | պաշտոնական համաձայնություն երկու կամ ավելի պետությունների միջև պատերազմի դեպքում փոխադարձ աջակցության վերաբերյալ
Ք. ա. II դարից սկսած՝ միջազգային ասպարեզում գրեթե միաժամանակ հանդես են գալիս Հռոմը, Պարթևստանը և Մեծ Հայքը: Այս պետություններն ավելի ու ավելի վճռական ազդեցություն էին գործում Արևելյան Միջերկրածովքի հելլենիստական պետությունների վրա: Մեծ չափով ուժեղանում է Պարթևական թագավորությունը:
Գրավելով Պարսկաստանը, Ատրպատականը և Միջագետքը՝ պարթևները Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք են դառնում Հայաստանի համար։ Պարթևական թագավորության հետ գրեթե միաժամանակ Արևելքում իր նվաճումներն է սկսում նաև Հանրապետական Հռոմը: Երբ հռոմեական զորքերը նվաճում են Հայաստանին սահմանակից Կապադովկիան, անմիջական սպառնալիք է ստեղծվում նաև Հայաստանի համար: Այսպիսին էր վիճակը, երբ Ք. ա. 95 թ. Մեծ Հայքում գահ է բարձրանում Տիգրան II-ը, որը մինչ այդ պատանդ էր Պարթևական թագավորությունում: Ք. ա. 115 թ. Արտավազդ I արքան պարտություն էր կրել պարթևներից և ստիպված իր զարմիկին պատանդ էր ուղարկել նրանց մոտ:
Հոր՝ Տիգրան I-ի մահից հետո Տիգրան II-ը ստիպված էր որպես փրկագին պարթևներին զիջել հարավ-արևելքից Պարթևստանին սահմանակցող «Յոթանասուն հովիտներ» կոչված տեղանքը: Պարթևների Միհրդատ II արքան օգնում է նրան գահ բարձրանալ:
Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
Տիգրան II-ը գահ բարձրացավ շատ բարեպատեհ ժամանակահատվածում: Հռոմեական իշխանությունը Փոքր Ասիայում մեծապես խարխլվել էր Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի ռազմական արշավանքների պատճառով։ Միհրդատը սպառնում էր հռոմեացիներին ընդհանրապես վտարել Ասիայից: Օգտվելով այս իրավիճակից, իսկ թիկունքում ունենալով պարթևական աջակցությունը՝ Տիգրան արքան առաջին հերթին Ծոփքը վերամիացրեց Մեծ Հայքին: Մի բան, որը չէր հաջողվել նրա նշանավոր պապին՝ Արտաշես I-ին: Ք. ա. 94 թ. Տիգրանի զորքը մտավ Ծոփք և առանց դժվարության գրավեց այն: Այս և հետագա իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Տիգրանն ուներ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մի ծավալուն ծրագիր, որը մտահղացել էր դեռ պատանդ եղած ժամանակ:
Ծոփքի միացումը միջազգային ասպարեզ դուրս գալու առաջին քայլն էր Հայաստանի համար: Հաջորդ քայլը եղավ Հռոմի աճող վտանգի չեզոքացումը Պոնտոսի հետ դաշինք կնքելու միջոցով։ Ք. ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվում էր ռազմական աջակցություն ցույց տալ Պոնտոսին ընդդեմ Կապադովկիայի: Նվաճվող քաղաքներն ու հողերը պատկանելու էին Միհրդատին, իսկ շարժական գույքն ու գերիները՝ Տիգրանին: Դաշինքն ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ։ Տիգրանը նպատակ ուներ այդ դաշինքով կանխել Հայաստանի արևմտյան սահմաններում Հռոմի տիրապետության հաստատումը։ Թեպետ նա հակադրվում էր հռոմեական շահերին, բայց և Հայաստանի դիրքերն էր ամրապնդում ժամանակի քաղաքական համատեքստում։ Արդյունքում Ք. ա. 93 թ. հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:
Տիգրան Մեծի նվաճումները
Հայ-պոնտական դաշինքին ընդդեմ՝ Ք. ա. 92 թ. կնքվեց հռոմեա-պարթևական ռազմական դաշինքը: Ըստ այս դաշինքի՝ կողմերը համաձայնության էին գալիս Եփրատ գետը համարել սահման Հռոմի և Պարթևստանի միջև: Նոր իրադրության պայմաններում Տիգրան II-ը անցավ հարձակողական քաղաքականության: Ք. ա. 87 թ. հայկական զորքերը հարձակվեցին Պարթևստանի վրա: Նախ հետ գրավեցին Յոթանասուն հովիտները, իսկ ապա գրավեցին Ատրպատականը, նաև Մարաստանը: Պարթևստանի Գոտերձ արքան հաշտություն խնդրեց։ Հաշտությունը կնքվեց Ք. ա. 85 թ.։ Պարթևստանի արքան հրաժարվեց Ատրպատականից և Հյուսիսային Միջագետքից, ինչպես նաև «արքայից արքա» տիտղոսից՝ այդպիսով ընդունելով հայոց թագավորի գերիշխանությունը:
Այնուհետև հայկական զորքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Հյուսիսային Միջագետքի երկրները՝ ընդհուպ մոտենալով Եփրատ գետին, հասնելով Սելևկյան թագավորությանը։ Ք. ա. 83 թ. գրավեցին Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքը, որը դարձավ Տիգրան Մեծի գլխավոր վարչական կենտրոնը Լևանտում։ Սելևկյաններից նա սեփականեց «աստված», ավելի ճիշտ՝ «աստվածային» տիտղոսը, որը նշված է նրա մետաղադրամների վրա։ Ասորիքի միացումից հետո արքան ձեռնամուխ եղավ Կոմմագենեի, Կիլիկիայի և ապա Փյունիկիայի նվաճմանը: Այսպիսով՝ Տիգրան Մեծի տերության սահմաններն ընդհուպ մոտեցել էին Եգիպտոսի սահմաններին:
Տիգրանակերտը՝ կայսրության մայրաքաղաք
Տիգրան Մեծի ստեղծած աշխարհակալ տերությունն այժմ ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գործող մայրաքաղաքը՝ Արտաշատը, մնացել էր տերության ծայր հյուսիսում և չէր կարող կատարել նորաստեղծ հսկայածավալ կայսրության կենտրոնի դերը: Այդ դերը չէր կարող ստանձնել նաև Անտիոքը, որը դուրս էր բուն հայկական հողերից։ Հույժ անհրաժեշտ էր դարձել նոր մայրաքաղաքի կառուցումը: Եվ ահա Ք. ա. 80-ական թթ. վերջերին սկսվեց նոր մայրաքաղաքի կառուցումը, որն արքայի անունով կոչվեց Տիգրանակերտ: Այն գտնվում էր Աղձնիք նահանգում՝ այն վայրում, որտեղ թագադրվել էր արքայազն Տիգրանը:
Նոր հիմնադրված մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Մեծը հարկադրական մի շարք վերաբնակեցումներ կատարեց Կիլիկիայից, Կապադովկիայից և Միջագետքից։ Մայրաքաղաքում բնակեցվեցին նաև հայ ավագանու շատ ներկայացուցիչներ: Նոր մայրաքաղաքը գտնվում էր Աքեմենյան Արքայական ճանապարհի մոտ և շուտով ձեռք բերեց ռազմավարական և առևտրային առավելություններ՝ որպես միջազգային առևտրի աճող կենտրոն:
Հարցեր և առաջադրանքներ՝
1. Ներկայացրու: Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու Հանրապետական Հռոմը մանրամասնել յուրաքանչյուրի համար:
Սպառնալիքն այն էր, որ Հռոմը և Պարթևստանը Հայաստանի մրցակիցներն էին, նրանք երեքն էլ տարածաշրջանի ամենահզոր երկրներն էին և, երբ Հռոմը և Պարթևստանը միավորվեցին շատ մեծ խնդիր առաջացավ Մեծ Հայքի համար։ Բացի դա Պարթևստանը ուներ Հայաստանից գրաված հողեր, որոնք պետք էր հետ վերադարձնել։ Այսպիսով Տիգրան II-ը անցավ հարձակողական քաղաքականության: Ք. ա. 87 թ. հայկական զորքերը հարձակվեցին Պարթևստանի վրա: Հետ գրավեց Յոթանասուն հովիտները, իսկ ապա գրավեց Ատրպատականը, նաև Մարաստանը:
2. Վերլուծի՛ր: Ի՞նչ հնարավորություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները։
Հնարավորությունները կայանում էին նրանում, որ երկիրը ընդլայնվում է, հզորանում է, զարգանում է և՛ տնտեսապես, և՛ ռազմական։ Վտանգներից էր այն, որ, երբ Տիգրան Մեծը նոր տարածքներ գրավեց, շատ անգամ տեղի ժողովուրդները չէին ցանկանում ենթարկվել Հայաստանի իշխանությանը։ Այդ տարածքների բնակիչները կարող էին կազմակերպել ապստամբություններ, որոնք խոչընդոտեին կայունությանը։
3. Բացատրի՛ր: Ինչո՞ւ արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց պարթևներին զիջել «Յոթանասուն հովիտները»
Տիգրան II-ը հասկանում էր, որ Պարթևստանն ուժեղ հարևան է, դրա համար պետք էր զիջումներ կատարել՝ խուսափելու հնարավոր պատերազմներից:
4. Ինչո՞վ էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը:
Հայ-պոնտական դաշինքը կազմել էր լավ ծրագիր՝ նվաճվող քաղաքներն ու հողերը պատկանելու էին Միհրդատին, իսկ շարժական գույքն ու գերիները՝ Տիգրանին: Բացի դա Պոնտոսը նաև ուժեղ երկիր էր, որին գումարվում էր Հայաստանի մեծ ուժը։
5. Որո՞նք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները Հայաստանի համար: Արդյո՞ք այն արդարացրեց Տիգրան II-ի հույսերը:
Հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները Հայաստանի համար այն էին, որ Պոնտոսը բավականին ուժեղ երկիր էր և բացի դա ըստ համաձայնագրի նրանք պետք է Հայաստանին տրամադրեին զենք և պատերազմից գերիներ և նրանք արդարացրեցին Տիգրան 2-ի հույսերը։
6. Ինչո՞ւ Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքայի տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:
Նախ առաջին Տիգրան Մեծը իր բնավորությամբ այդպիսին էր, նա սիրում էր պարբերաբար գրավել տարբեր տարածքներ։ Սելևկյան թագավորությունն ու Լևանտը ունեին լավ տնտեսություն ու ռազմավարություն։ Տիգրան Մեծը գիտակցում էր, որ դրանք գրավելով՝ Հայաստանի համար բացվում էին նոր հնարավորություններ։ Բացի դա ինչքան ուժեղ լիներ Մեծ Հայքը այնքան Հռոմին դժվար կլիներ գրավել։
Կրճատած տաբերակ՝
Ք. ա. II դարից սկսած՝ միջազգային ասպարեզում հանդես էին գալիս Հռոմը, Պարթևստանը և Մեծ Հայքը, որոնք մեծ ազդեցություն ունեին հելլենիստական պետությունների վրա։ Պարթևները գրավեցին Պարսկաստանը, Ատրպատականը և Միջագետքը, ինչը սպառնալիք դարձավ Հայաստանի համար։ Այն ժամանակ Հռոմը ևս ընդլայնում էր իր տարածքները։ Տիգրան II-ը գահ բարձրացավ 95 թ. և սկսեց ակտիվ քաղաքականություն վարել՝ հռոմեական և պարթևական վտանգները նվազեցնելու նպատակով։ Տիգրանը վերամիացրեց Ծոփքը և կնքեց հայ-պոնտական դաշինք, որի արդյունքում նվաճվեց Կապադովկիան։ Ք. ա. 87 թ. նա սկսեց հարձակողական քաղաքականություն՝ ներխուժելով Պարթևստանի տարածք և գրավեց Ատրպատականը, Մարաստանը։
Տիգրան Մեծի տերությունը ընդլայնվեց՝ գրավելով Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքը, Կիլիկիան, Կոմմագենեն և Փյունիկիան։ Նա կառուցեց նոր մայրա